ԱԳ նախարարն ընդունեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

20 մարտի, 2015

Մարտի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ համանախագահ Սաջաթ Քարիմի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև առկա ակտիվ համագործակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ - ԵՄ հարաբերություններում: «Այս շաբաթը Հայաստանում հագեցած էր եվրոպական օրակարգով՝ թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր մարմինների ձևաչափով, և դա վկայում է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակի մասին»։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ - ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ:

Նախարար Նալբանդյանը կարևորեց 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց հաջող իրականացումը ճանապարհ է հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացում։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Տպել էջը