Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բուենոս Այրեսում

28 մարտի, 2015

Մարտի 28-ին Բուենոս Այրեսի` Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնաժողովի և Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղարության հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, արգենտինահայ համայնքային կառույցների, Արգենտինայի քաղաքական, մշակութային, գիտական և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Աստոր Պիացցոլայի, Ալբերտո Խինաստերայի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի ստեղծագործությունները:

Արգենտինայի Երիտասարդական պետական և Կույրերի պետական երգչախմբերի կատարմամբ հնչեց Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը: 

Տպել էջը