Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բիշքեկում

03 ապրիլի, 2015

Ապրիլի 3-ին Բիշքեկի Պատմության թանգարանի մեծ սրահում Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանի և «Նաիրի» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով «Ցեղասպանության խնդիրները ժամանակակից աշխարհում և 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը էթնիկ սկզբունքով` մարդկանց զանգվածային ոչնչացման հետագա փաստերի վրա» խորագրով:

Գիտաժողովին մասնակցում էին Ղրղզստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը (նստավայրը` Աստանա), Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Սահակյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Այնուհետև ելույթ ունեցան «Նաիրի» հայկական մշակութային միության նախագահ, պատմաբան Աշոտ Կոնդախչյանը և Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը: Թեմայի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ զեկույցներ:

Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողությունների վերաբերյալ տեսանյութեր:

Գիտաժողովը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում:

Տպել էջը