Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում

03 ապրիլի, 2015

Ապրիլի 3-ին Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի ունեցավ «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ռումինիայի հայոց միության և հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:

Գիտաժողովին ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, ցեղասպանության և Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով հանդես եկան պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը և Ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների բռնած ժխտողականության և անզիջում դիրքից վարվող քաղաքականության անընդունելիության մասին` դեսպան Գասպարյանը նշեց միջազգային համախմբման անհրաժեշտությունը ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այդ առումով նա բարձր գնահատեց Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաև ԵԺԿ-ի հստակ և հատուկ բանաձևերի նշանակությունը:

Գիտաժողովի ելույթներին հետևեցին քննարկումներ ռումին ակադեմիական շրջանակներից և հայ համայնքից կազմված լսարանի մասնակցությամբ: 

Տպել էջը