Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Ավստրիայի Գրաց քաղաքում

03 ապրիլի, 2015

Ապրիլի 3-ին Ավստրիայի Գրաց քաղաքում կազմակերպվող ամենամյա «Սաղմոս» փառատոնի շրջանակներում «Հելմուտ Լիստ» համերգասրահի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Գրաց քաղաքի Մեծ նվագախմբի և Գրացի «Վոկալֆորում» երգչախմբի համերգը Քրիստիան Մութշպիլի խմբավարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնը կայացավ Գրաց քաղաքի մշակույթի վարչության, Շթայերմարկ երկրամասի կառավարության, «Քլայնե Ցայտունգ» և «Դեր Շտանդարտ» պարբերականների, ավստրիական հանրային ռադիոյի և հեռուստատեսության հովանավորությամբ և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Համերգին ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Կատարվեցին Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, այդ թվում Մանսուրյանի` 2011թ. ստեղծված Ռեքվիեմը:

Նախորդ օրը՝ ապրիլի 2-ին, նույն համերգասրահում տեղի էր ունեցել հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության համերգ, որի ընթացքում կատարվել էին Սայաթ Նովայի, Կոմիտասի, գուսան Ջիվանի և Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունները:

Համերգներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվեցին ավստրիական մամուլում:

Տպել էջը