Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Սալոնիկում
06 ապրիլի, 2015Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ապրիլի 3-ին կայացավ երգչախմբի համերգը, որին ներկա էին Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:
Ներկայացվեցին Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:
Ապրիլի 4-ին և 5-ին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր անցկացրեց փառատոնին մասնակից հունական երգչախմբերի հետ:
Ապրիլի 6-ին կայացավ փառատոնի գալա-համերգը` մասնակից ութ երգչախմբերի մասնակցությամբ` Տիգրան Հեքեքյանի խմբավարությամբ: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարեցին Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան», Ստեփան Շաքարյանի «Մուշ», Սայ Միլերի «Let There Be Peace on Earth» ստեղծագործությունները:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումները և մաեստրո Հեքեքյանի աշխատանքը բարձր գնահատանքի արժանացան հույն արվեստագետների և հանդիսատեսի կողմից: