Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում

11 ապրիլի, 2015

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ Օ-դը-Սեն նահանգի «Սո» պարտեզներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվեց քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանը:

Միջոցառմանը մասնակցեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների և ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Պատրիկ Դևեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության և քանդակագործ Թորոս Ռաստկլանին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար:

Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Չիտեչյանն իր գոհունակությունը հայտնեց Անտոնի քաղաքի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի միջև վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», - նշեց դեսպանը՝ դիմելով նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին: 

Տպել էջը