Հայաստանը մասնակցեց «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսին

13 ապրիլի, 2015

Ապրիլի 11-ից 13-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածը: Հայաստանը Կոնգրեսի բարձրաստիճան հատվածում ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

Կոնգրեսին բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Քաթարի վարչապետ և ներքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Նասսեր բին Խալիֆա Ալ Թանին:

Իր ելույթում Աշոտ Հովակիմյանը հաստատեց ՀՀ հանձնառությունը` շարունակելու բարեփոխումները քրեական արդարադատության ոլորտում, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում շարունակել արդյունավետ պայքարը մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության, կիբերհանցագործությունների, անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ դրսևորումների դեմ:

Աշոտ Հովակիմյանն առանձնահատուկ շեշտադրեց մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և մեղավորներին պատժելու համար միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՀՀ բարոյական պարտավորությունը` որպես ցեղասպանություն վերապրած ազգի: Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության` Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքների, ԱԳ նախարարի տեղակալը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքն է տնօրինում քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իր իրավունքը` իրագործելով ՄԱԿ Կանոնադրոթյան նպատակ հանդիսացող ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը:

Տեղեկանք: Կոնգրեսը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ: Նպատակն է` քննարկել ներկա փուլում հանցավորության դեմ պայքարի մարտավարությունը, նպաստել ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, իրականացնել լավագույն փորձի փոխանակում քրեական արդարադատության բարեփոխումների ոլորտում` օրենքի գերակայության հիմնարար սկզբունքի հիման վրա ամուր և կայուն զարգացող հասարակություն կառուցելու նպատակով: 

Տպել էջը