Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Լոնդոնում

15 ապրիլի, 2015

Ապրիլի 15-ին Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լոնդոնի հեղինակավոր Բրիտանական ակադեմիայում, ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ, կազմակերպվել էր ճանաչված իրավաբան և իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի նոր՝ «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բրիտանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ:

Իր խոսքում դեսպան Սարգսյանը, ներկայացնելով բանախոսին, նշեց Ջեֆրի Ռոբերթսոնի երկար տարիների նվիրվածությունը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, ինչի արդյունքն է միջազգային հանրության ուշադրությանը ներկայացվող այս կարևոր գիրքը:

Այնուհետև ելույթ ունեցավ հեղինակը՝ ներկաներին պատմելով գրքի ստեղծման դրդապատճառների մասին, ինչպես նաև` մասնագիտական գնահատական տալով Հայոց ցեղասպանությանը: Ելույթից հետո Ռոբերթսոնը պատասխանեց ներկաների հարցերին:

Գիրքը հրատարակվել է Հայ դատի բրիտանական մասնաճյուղի հովանավորությամբ ու Ատոմ և Սելա Թնջուկյանների նվիրատվությամբ: 

Տպել էջը