Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառում Աթենքում

19 ապրիլի, 2015

Ապրիլի 19-ին Աթենքի «Պալլաս» հեղինակավոր թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի hիշատակի և ոգեկոչման հիմնական միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի և Ատտիկայի մարզպետարանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի արդյունաբերության վերականգման, բնապահպանության և էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը, պետնախարար Պանայոտիս Նիկոլուդիսը, պետնախարարի տեղակալ Թերընս Քուիքը, ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Տոսկասը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, խորհրդարանի փոխնախագահ Իոաննիս Բալաֆասը, խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, խորհրդարանական տարբեր խմբակցությունների և եվրախորհրդարանի պատգամավորներ, «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ Դիմիտրիոս Ռեսկոսը և ակադեմիայում ուսանող հայ կուրսանտները, Ատտիկայի և Պիրեուսի փոխմարզպետերը, Պիրեուսի և Նիկեա-Ռենտիի քաղաքապետերը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ և զինվորականներ, հունահայ համայնքի հոգևոր դասի, քաղաքական, կրթական, մշակութային կառույցների ղեկավարներ և անդամներ, Պոնտոսի հույների, ասորական և հրեական հասարակական-քաղաքական կազմակերպությունների, համալսարանական և հանրության լայն շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման նախագահող Արաքսի Աբելյան-Քոլանյանը, որն իր ելույթում շեշտելով անցյալի կապը ներկայի հետ` նշեց, որ Հայոց ցեղասպանությունն անդրադառնում է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության վրա: Ելույթին հաջորդեց ականատեսների վկայությունների վրա հիմնված տեսանյութի ցուցադրությունը:

Օրվա գլխավոր բանախոսի` Կիպրոսը ներկայացնող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսն իր ելույթը սկսեց «Յուրաքանչյուր ազատ մարդ Հունաստանում այսօր հայ է» խոսքերով և իր հիացմունքն արտահայտեց հայ ժողովրդի` ազատության համար մղվող բազմադարյան պայքարի նկատմամբ: Թեոխարուսը նշեց, որ Հայոց ցեղասպանության անպաժելիության հետևանքով միջազգային իրավունքը «ճեղքվածք» ունի, և խոցելի է դարձնում փոքր ազգերը բռնությունների և կամայականությունների դիմաց: Բանախոսը նշեց, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը շարունակվել է արդեն 1990-ական թթ. ադրբեջանցիների կողմից` Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերով, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարմամբ, Հայաստանի շրջափակմամբ: Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի` ապրիլի 15-ի բանաձևին և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին` Թեոխարուսը նշեց, որ ժողովրդավարությունը պատժում է և սովորեցնում, բայց ոչ վրեժ լուծում: Հավելելով, որ ժխտողականությամբ թուրքական իշխանությունները հանցակից են դարձնում նաև թուրք ժողովրդին Օսմանյան կառավարության գործած սարսափելի ոճրին, Թեոխարուսը վերահաստատեց եվրոխորհրդարանականների կոչը Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել և իրականացնել միջազգային իրավունքով ստանձնած իր բոլոր պարտավորությունները:

Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ուղենիշեր դարձած հիշողության, երախտագիտության, միջազգային պայքարի և վերածննդի գաղափարները և կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր թափ առած ճանաչման միջազգայնացման գործընթացը` իբրև ևս մի գործիք` ցեղասպանության հանցագործության դեմ:

Ելույթներով հանդես եկան նաև Ատտիկայի փոխմարզպետ Էրմինա Կիպրիանիդուն, խորհրդարանի փոխնախագահ Իոաննիս Բալաֆասը, Ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Տոսկասը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում Համազգայինի «Հակոբ Փափազյան» երկսեռ երգչախումբը` Հրայր քահանա Նիկոլյանի խմբավարությամբ, ներկայացրեց «Ադանայի ողբը», «Հիմի էլ լռենք» և «Դեր Զոր» ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին հունական «Էվրիտմոն» լարային քառյակը կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից:

Ներկաները սկաուտական խմբերի ուղեկցությամբ քայլերթով ուղղվեցին դեպի կենտրոնական «Սինտաղմա» հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին դափնեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն` Էլենի Թեոխարուսի, դեսպան Գագիկ Ղալաչյանի, ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանի, Հունաստանի կառավարության, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի, Հունաստանի ասորիների միության, հրեական միության, պոնտոսցի հույների համադաշնության ներկայացուցիչների կողմից: 

Տպել էջը