Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

22 ապրիլի, 2015

Ապրիլի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումին և արժևորեց բացման նիստի ընթացքում նրա ունեցած ելույթը։

Թորբյորն Յագլանդը, կարևորելով երևանյան ֆորումի անցկացումը, հույս հայտնեց, որ տեղի ունենալիք քննարկումները օգտակար կլինեն ինչպես նախկինում մարդկության դեմ հանցագործությունների պատճառների վերհանման ու հետևանքների վերացման, այնպես էլ՝ նոր ոճրագործությունների կանխարգելման գործում։ Այս համատեքստում ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորեց ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի ակտիվ ջանքերը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Եվրոպայի խորհրդի օրակարգային հարցերի շուրջ։ 

Տպել էջը