ԱԳ նախարարը հանդիպեց Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին

22 ապրիլի, 2015

Ապրիլի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից մեկնած ձեռքը և ցուցաբերած աջակցությունը:

Սիրիայի խորհրդարանի նախագահը նշեց, որ Սիրիայում բարձր են գնահատում սիրիահայերի կարևոր ներդրումը երկրի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների և Սիրիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ: Ընդգծելով, որ Սիրիայում շարունակվող բախումները և հումանիտար ճգնաժամը շարունակում են մնալ Հայաստանի մտահոգության առարկա՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և երկրում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերը հաջողություն կունենան:

Տպել էջը