Դեսպան Մնացականյանի ելույթը հանդուրժողականությանն ու հաշտեցմանը նվիրված ՄԱԿ-ի ԳԱ բարձրաստիճան քննարկմանը

22 ապրիլի, 2015

Ապրիլի 21-22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն ու հաշտեցում» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որում անդրադարձ կատարվեց աշխարհում արմատականության ու ծայրահեղականության, դաժանությունների ու բռնությունների, մշակութային և կրոնական լարվածության ու հակամարտությունների ահագնացող դեպքերին։

Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների խորհրդի նախագահը և Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչը։ Ելույթ ունեցան մեծ թվով պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշտական ներկայացուցիչներ և հոգևոր առաջնորդներ։

Ողջունելով ՄԱԿ-ի շրջանակներում հանդուրժողականության, երկխոսության ու հաշտեցման գաղափարոսության տարածման ուղղությամբ հետևողական քայլերը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ռասիզմը, կրոնական և մշակութային անհանդուրժողականությունը, այլատյացությունը, հասարակությունների բևեռացումը, մերժումն ու նսեմացումը հանդիսանում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում՝ հանգեցնելով ոճրագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների՝ ներառյալ ցեղասպանության։

Դեսպանը նկատեց, որ ԳԱ քննարկումը համընկնում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ և ընդգծեց, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է՝ կրկին անգամ հիշեցնելով բոլորին, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։ Ըստ Զոհրաբ Մնացականյանի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կարևոր է նաև վերահաստատելու ժողովրդի հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդու արժանապատվության ու անձի արժևորման հարցի նկատատմամբ, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։

Նշելով, որ աշխարհի շատ ժողովուրդներ կիսում են հայերի վիշտը և իրենց համերաշխությունն են հայտնում հայերին արդարության հաղթանակի համար, դեսպան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց տարբեր դավանանքի ժողովուրդերին ու մարդկանց, ովքեր Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, Ավստրալիայում և այլուր օգնության ձեռք են մեկնել, ապաստան դրամադրել ու պաշտպանել հայերին ցեղասպանության ժամանակ ու դրան հաջորդած տարիներին:

Նա ընդգծեց, որ հայերը ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, այլ կոչ են անում առերեսվել պատմությանը, ընդունել այն և ճանապարհ հարթել իրական հաշտեցման համար։ Դեսպանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմաբանների հարց չէ, այն ներկա քաղաքական խնդիր է` անցյալը ընդունելու քաղաքական համարձակության խնդիր։ Շեշտելով, որ առանց ճշմարտության և հիշատակի չի կարող լինել իսկական հաշտեցում, դեսպան Մնացականյանը եզրափակեց․ «Արդարությունը և հաշտեցումն է Հայաստանի ու հայ ժողովորդի օրվա ուղերձն այս քննարկմանը»։
 

Տպել էջը