Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

23 ապրիլի, 2015

Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 600 խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, ականավոր ցեղասպանագետներ շուրջ հինգ տասնյակ երկրներից։

Ֆորումը իր ծրագրային ելույթով բացեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բացման նիստին ելույթներով հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:

Ֆորումի նիստերը նախագահում էին Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, այժմ Յեյլի Համալսարանի պրոֆեսոր Լուիզ Մորենո Օկամպոն, միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը, նշանավոր ցեղասպանագետ Ֆրանկ Չոկը, քաղաքական գործիչներ Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացումը միջազգային իրավունքում», «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» և «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նիստերը, ինչպես նաև «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. Մարդկային կյանքը` Աստծո պարգև» միջեկեղեցական և «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» զուգահեռ նիստերն ուրվագծեցին Ֆորումի երկօրյա աշխատանքները:

Ֆորումի շրջանակներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Անատոլ Ֆրանս» նամականիշի մարման արարողությունը և գրքերի ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրի ներքո։

Ֆորումի երկրորդ օրը բացման ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Համաժողովի աշխատանքները եզրափակիչ ելույթով ամփոփեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որին հաջորդեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի Հռչակագրի ընդունումը ֆորումի մասնակիցների կողմից:

Տպել էջը