Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Չինաստանում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Միջոցառմանը մասնակցել են Չինաստանի տարբեր քաղաքաներում բնակվող հայեր, այդ թվում` հայ ուսանողներ և գործարարներ: Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն, ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դեսպանության ընդունելությունների սրահում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:

Միջոցառման ընթացքում ուսանողներն ասմունքել են` ներկայացնելով ցեղասպանության մասին հայ գրողների ստեղծագործություններ: Այնուհետև հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյը ներկայացրել է հատվածներ իր՝ «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմից, որին հաջորդել է ընդունելություն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում, որտեղ կազմակեպվել են նկարների ցուցադրություններ և ֆիլմի դիտումներ: Ապրիլի 25-ին Նանկին քաղաքում կկայանա հայ դասական երաժշտության երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Տպել էջը