Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Իրաքում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին և 24-ին Բաղդադում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ապրիլի 23-ին իրաքահայության պատմության մեջ առաջին անգամ՝ հայկական եկեղեցու և մշակութային միությունների շրջանակներից դուրս, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել էին հրապարակային միջոցառումներ: Ի համերաշխություն իրաքահայ համայնքի` ցույցին մասնակցեցին Իրաքի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆարիշ Ջաջը (Farish Jaj), խորհրդարանի անդամ Ժոզեֆ Սլեվան (Joseph Sleua), Իրաքի ասորական համայնքի ներկայացուցիչներ, տարբեր հարանվանությունների հոգևոր առաջնորդներ ինչպես նաև որոշ մուսուլման իրաքցիներ: Ցուցարարները՝ պարզած արաբալեզու և անգլալեզու պաստառներ, հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու կոչերով: Ցույցը լուսաբանվեց մի շարք տեղական հեռուստաընկերությունների կողմից:

Նույն օրը երեկոյան Բաղդադի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռից, որին հետևեցին հազարավոր իրաքահայեր, ասորիներ և Իրաքի քրիստոնյա և մուսուլման տարբեր համայնքների հոգևոր առաջնորդներ ու անդամներ, գիտական, կրթական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Արարողությունը ավարտվեց Երևանի ժամանակով 19:15-ին՝ եկեղեցու զանգերի հնչեցմամբ, որի մեկնարկի պատիվը տրվեց Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա Արաքսի Արշակյանին:
Ապրիլի 24-ին Բաղդադի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որին հաջորդեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված, Հայաստանից բերված հուշակոթողի բացման և ծաղիկների զետեղման արարողությունները: Միջոցառմանը ներկա գտնվեցին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև՝ Իրաքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Նախօրեին Իրաքի խորհրդարանում ընթերցվել է իրաքահայության պատրաստած հայտարարությունը: Նույն հայտարարությունը ընթերցվել է նաև Իրաքի կառավարության նիստի ընթացքում՝ գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆարիշ Ջաջի կողմից:
Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություններ տեղի են ունեցել նաև Դհոկ և Բասրա քաղաքներում:

 

Տպել էջը