Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում Կորեայի Հանրապետությունում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 23-24-ը Կորեայի Հանրապետության Ազգային Ժողովի ընդունելությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը կազմակերպել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը Կորեայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսին ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ: Ապրիլի 24-ին ցուցասրահում անցկացվեց հիշատակի հավաք, որի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթ ունեցավ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և այլ պատգամավորներ, ովքեր խոսելով 20-րդ դարասկզբի հայերի ցեղասպանության պատմության և ոճրագործության փաստերի մասին, նշեցին հիշատակի միջոցառման կարևորությունն ու Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անխուսափելիությունը ապագայում մարդկության դեմ նման հանցանքնեի կանխարգելման նպատակով:

Ավելի քան հարյուր կորեացի պատգամավորներ, այդ թվում՝ Ազգային Ժողովի խոսնակն ու փոխխոսնակը, գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ ներկա են գտնվել միջոցառմանը, որը լայնորեն լուսաբանվել է կորեական լրատվամիջոցներով:

 

Տպել էջը