Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Լիբանանում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հանդիսապետությամբ Անթիլիասի Մայրավանքում մատուցվեց Սուրբ Պատարագ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետև Մայրավանքի բակում գտնվող հուշակոթողի օծումից հետո հավաքվածներին իր պատգամը հղեց կաթողիկոս Արամ Ա-ն, ով ընդգծեց հետևյալը. «Հայ ժողովրդի պատմության մեջ եղան ջարդի ու մահվան, աքսորի ու տառապանքի, ինքնահաստատման, վերակազմակերպման ու վերածննդյան, ինչպես նաև պայքարի ու պահանջատիրության տարիներ։ 100 տարի անց, ցեղասպանին ու աշխարհի դիմաց կանգնած, միասնական ոգով ու ամուր վճռակամությամբ ասում ենք. Նոր արշալույս կերտեցինք Սարդարապատի հաղթանակով ու 1918թ. մայիսի 28-ի Հայաստանի անկախությամբ, մշակութային արժեքներով, Արցախի ժողովրդի ինքնիշխանության վերահաստատումով, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության վերակերտումով։ Մենք հաղթեցինք ցեղասպանին՝ գոյատևելով ու պայքարելով, հիշելով ու հիշեցնելով մեր պահանջատիրության մասին»:

Պատգամից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն: Մատուռի առջև ծաղկեպսակներ զետեղվեցին Լիբանանում ՀՀ դեսպանության, կուսակցությունների և ազգային կառույցների, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից: Ապա Անթիլիասի Մայրավանքից կազմակերպվեց բազմահազարանոց քայլարշավ դեպի Բուրջ Համուտի մարզադաշտ, ուր կազմակերպվեց մեծ ժովովրդային հավաք: Հոծ բազմության առջև ելույթներով հանդես եկան ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ կուսակցությունների և ՀԲԸՄ ղեկավարները: Բազմահազարանոց հավաքին և Անթիլիասի միջոցառումներին ներկա էին Լիբանանի խորհրդարանի նախագահի և վարչապետի ներկայացուցիչները, կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, օտարերկյա դեսպաններ, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

***
Ապրիլի 23-ին «Միշել Մըռ» փակ մարզադաշտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի երիտասարդական մարմնի կազմակերպությամբ տեղի ունեցավ հսկման երեկո, որին ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, քաղաքական կուսակցությունների ղեկավարները, երիտասարդական միությունների և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամները:

***
Ապրիլի 22-ին Այնճար հայաբնակ ավանում կազմակերպվել էր համերգ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին իրենց կատարումներով ելույթ ունեցան Երևանի պետական կամերային՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյան և Տրիպոլիի Ֆայհա՝ գեղարվեստական ղեկավար Պարգև Թասլաքյան, երգչախմբերի: Բացման խոսքը կատարեց Հակոբ Այնթափյանը, ով շեշտեց հայ ժողովրդի միասնական լինելու կարևորությունը: Իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ հիմնական ուղղություններով: Դեսպանը ընդգծեց, որ խոնարհվելով 1.5 միլիոն նահատակների սուրբ հիշատակի առջև, միաժամանակ նշում ենք կյանքի հաղթանակը մահվան հանդեպ` ընդգծելով տաղանդաշատ հայ ժողովրդի վերապրելու, վերածնվելու և ստեղծագործելու վճռականությունը:

«Փոլիֆոլիա» երաժշտական կազմակերպության նախագահ և գեղարվեստական տնօրեն Ժակ Վանհերլեն շեշտեց երգի կարևորութիւնը՝ ժողովուրդների բարեկամության գործում:

Համերգի առաջին բաժնում Ֆայհա երգչախումբը կատարեց արաբ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երկրոդ բաժնում Հարություն Թոփիկյանի երգչախումբը ներկայացրեց Կոմիտասի սստեղծագործությունները: Համերգի վերջում երգչախմբերը միասին կատարեցին երկու արաբական երգեր:
Այնճարի Սուրբ Պողոս եկեղեցում այնցկացված համերգին ներկա էին Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Անճարի քաղաքապետը, Լիբանանում «Ձայների ներդաշնակություն» խորագիրը կրող երգչախմբերի միջազգային փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները տարբեր երկրներից, հարյուրավոր այնճարցիներ: Երգչախմբերի ղեկավարներին հանձնվեցին Մուսա Լեռան հուշարձանի մեդալներ:

***
Ապրիլի 22-ին Լիբանանյան ուժեր կուսակցությունը՝ նախագահ Սամիր Ժահժա, կազմակերպել էր «Իրավունքը իրավունք է, նույնիսկ եթե 100 տարի անցնի» խորագիրը կրող երեկո նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ձեռնարկին ներկա էին կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկավ խորհրդարանի անդամ Շանթ Չինչինյանը, հաղորդավար Նշան Տեր Հարությունյանը, լիբանանյան ուժեր կուսակցության անդամ Ռիշար Գույումճյանը, ֆիլմաշարերի բեմադրությունների հեղինակ Քլոդիա Մարշալյանը, հայտնի հեռուսատահաղորդավար Փոլա Յաղուբյանը:
Ձեռնարկի հովանավոր Սամիր Ժահժահ նշեց, որ 24 ապրիլին ոգեկոչվում է Արևելքում ազատության համար ընկած բոլոր նահատակների հիշատակը: Ընդգծելով, որ Հայ դատի հարցը դեռ չի լուծվել, նա համոզմունք հայտնեց, որ ճշմարտությունը անպայման կբացայայտվի, իսկ արդարությունը կհաղթանակի: Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, ցուցադրվցին նաև գեղանկարիչ Հրայրի գործերը:

***
Ապրիլի 21-ին Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքի հովանավորությամբ և հայ կաթողիկե համալսարանականների միության նախաձեռնությամբ հայ կաթողիկե պատրիարքարանի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո:

Ելույթներով հանդես եկան Լիբանանի զբոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնը և Լիբանանի մշակույթի նախարար Ռոնի Արեյժին, ովքեր դատապարտեցին 1915 թ. հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը՝ այն համեմատելով Սիրիայում և Իրաքում այս օրերին ծայրահեղականների կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող դաժանությունների հետ: Նախարարները ոջունեցին Հռոմի պապի և եվրոպական խորհրդարանի մոտեցումները Հայոց ցեղասպանության հարցում և կոչ ուղղեցին Թուրքիային՝ ընդունելու սեփական պատմության մութ անցյալը:

Այնուհետև ելույթ ունեցավ Ներսես Պետրոս ԺԹ. կաթողիկոս պատրիարքը, ով իր գոհունակությունն ու հիացմունքը հայտնեց հայ երիտասարդությանը` հայ ազգի և եկեղեցու նկատմամբ ցուցաբերած նախանձախնդրության համար և կոչ ուղղեց վերջինիս՝ պահանջատեր մնալ Հայ դատի արդար լուծմանը:
Հսկման երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ «Կռունկ» պատրիարքական երգչախումբը, ցուցադրվեցին «Եթե Արարատը խոսի» և «Հայ կաթողիկե համայնքը սփյուռքի պատմության մեջ» տեսաերիզները:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, նախարարներ, պատգամավորներ, կրոնական առաջնորդներ:

***
Ապրիլի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության, «Lepsiushaus Potsdam»-ի և Հայկազյան համալսարանի համագործակցությամբ համաշխարհային ընթերցանության օրվա շրջանակներում Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման երեկո: Երեկոյին խոսքով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Միրա Յարդեմյանը, արվեստի և գիտությունների ֆակուլտետի ղեկավար Արդա Էքմեէջին և երեկոյի գեղարվեստական ղեկավար Ջերարդ Ավետիսյանը:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց “Ravished Armenia” ֆիլմը: Հնչեցին երաժշտական կատարումներ: Ասմունքողներ Ռիֆատ Տարաբեյը, Ռոլա Համադեհը և Նաբիլ Քարամը ընթերցեցին Պետրոս Դուրյանի, Պարույր Սևակի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները:

***
Ապրիլի 20-ին Սրբոց Հռիփսիմյանց բարձրագույն վարժարանում տեղի ունեցավ խաչքարի բացում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումը բացեց վարժարանի տնօրեն, քույր Արմինե Մակարոսյանը: Ապա տեսաուղերձի միջոցով ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքը կատարեց նոր զետեղված խաչքարի օրհնությունը: Վարժարանի հարյուր աշակերտներ հարյուր մոմ վառեցին խաչքարի կողքին, որից հետո ցուցադրվեց ցեղասպանության մասին տեսաերիզ:

Օրվա գլխավոր բանախոսն էր Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբը: Նա իր ելույթում նշեց, թե Հայ դատը հայի առօրյայի և մշակույթի մաս է դարձել, հետևաբար այն անմար կմնա, քանի որ կա դրա համար պայքարող սերունդ: Նախարարը միջոցառման ավարտին հայտարարեց, որ իր կայացված որոշման համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի ապրիլի 24-ին Լիբանանի բոլոր պետական և մասնավոր վարժարանները, արհեստի ու արվեստի դպրոցները փակ են լինելու:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Սուրբ Աթոռի պատվիրակ Գաբրիելա Կաչիան, նախարարներ, պատգամավորներ, կրոնական առաջնորդներ:

***
Ապրիլի 20-ին Կասլիկի համալսարանի փիլիսոփայության և հումանիտար գիտությունների բաժինը կազմակերպել էր դասախոսություն՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի հետո» կարգախոսով:
Համալսարանի անունից ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Կասլիկի համալսարանի դասախոս Հուդա Նաամեն: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, վերջինս այն համեմատեց Մերձավոր Արևելքում ներկայումս Իսլամական պետության կողմից քրիստոնյաների նկատմամբ իրականացվող վայրագությունների հետ:

Ապա ելույթ ունեցավ լպատմաբան դոկտոր Սալեհ Զահրեդդինը, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության վկայությունները: Հաջորդ ելույթ ունեցողն էր Միջին Արևելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Յագուբյանը, ով ներկայացրեց Հայկական հարցը 1878 թ. Սան Ստեֆանոյի խորհրդաժողովից մինչև 1923 թ. Լոզանի դաշնագիրը, որով անտեսվեց Սևրի դաշնագիրը և արգելվեց աշխարհասփյուռ հայերի վերադարձը տուն:

Հանդիպումը ավարտվեց Կասլիկի համալսարանի դասախոս դոկտոր Սուհայլա Սալլումի և Անտունիե համալսարանի դասախոս Դալար Աթեշյանի ելույթներով, ովքեր անդրադարձան Լիբանանի և Միջին Արևելքի քրիստոնյաների կրած տառապանքներին և Հայոց ցեղասպանությունից փրկված հայորդիների հոգեբանական վերապրումներին:

Բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել նաև համալսարաններում, վարժարաններում մշակութային կենտրոններում: Բոլոր միջոցառումները լայնորեն լուսաբանվել են լիբանանյան լրատվամիջոցների կողմից: Դեսպան Քոչարյանը մի շարք հարցազրույցներ է տվել, մասնավորապես «Բուհուս» և «Մարայա»ամսագրերին, քրիստոնեական SAT 7 հեռուստաընկերությանը:
 

Տպել էջը