Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Նիդերլանդներում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 20-ին Հաագայի Սուրբ Հակոբի մայր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո, որը կազմակերպվել էր Համագործակցող հայկական կազմակերպությունների կողմից՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Երեկոյին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի, արտաքին գործերի և սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարությունների, դիվանագիտական կորպուսի, միջազգային դատարանների ու կազմակերպությունների, հասարակական ու գիտական շրջանակների, ինչպես նաև հոլանդական հասարակության ու հայ համայնքի բազում ներկայացուցիչներ:

Երեկոյի մասնակիցներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Նա իր ելույթում կարևորեց Հայոց ցեղապսանության ճանաչումը, դատապարտումն ու ուսումնասիրությունը՝ դիտարկելով այն նաև որպես ցեղասպանությունների հիմնատիպ` շեշտելով. «Այնուհանդերձ, վրդովեցուցիչ է, երբ աշխարհով մեկ ժողովրդավարության չափանիշներ քարոզող և մարու իրավունքների պաշտպանություն ու առաջմղում խրախուսող կառավարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի առջև կանգնելիս շարունակում են իրենց աշխարհաքաղաքական շահերին հետամուտ լինել` ի հաշիվ համընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության: Ամեն անգամ, երբ աշխարհը տուրք է տալիս թուրքական պահանջներին` քաղաքական ու տնտեսական շահերի դիմաց, այն երկարաձգում է հանցագործությունը, թողտվությամբ մոտենում դրան և կործանիչ հարված հասցնում միջազգային մարդու և մարդասիրական արժեքներին:»

Երեկոյի ընթացքում ներկաներին իր բանաստեղծությունները ներկայացրեց հայտնի հոլանդացի դերասան Ֆրիկ դե Յոնգը, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Խաչատուր Ավետիսյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ինեգ Լոյենի կողմից ղեկավարվող հոլանդական երգչախումբը, Հայկ Մելիքանը, Արմինակ Ապստոկը, Սվետլանա Աղաջանյանը, Աննա Բարխուդարյանը, Ռուզաննա Հակոբյանը, Ռուզաննա Նահապետյանը և «Նաիրի» լարային քառյակը:

Ապրիլի 21-ին Հաագայում Համագործակցող հայկական կազմակերպությունները հանդիպեցին Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներին և հանձնեցին պահանջագիր, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանն աներկբայորեն իրականացնել 2004թ. խորհրդարանի կողմից ընդունված որոշման դրույթները` կասեցնել Թուրքիայի երկար ձեռքի միջամտությունը հոլանդական հասարակության ներքին գործերում, տեղիք չտալ թուրքական կողմից մերժողական քարոզչությանը, պայքարել ժխտողականության դեմ և Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները ներառել Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառումների մեջ:

Նույն օրը Հաագայում տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանի» հոլանդերեն թարգմանությունից հատվածների ընթերցման երեկո: Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև Հայգան Մարդիկյանի «Կռունկի կանչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը վավերագիր է հեղինակի` Ցեղասպանությունը վերապրած տատիկի և պապիկի հուշերի:

Ապրիլի 23-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղապանության զոհերի սրբադասմանը: Արարողությունից հետո հնչեցին 300-ամյա եկեղեցու զանգերը: Միջոցառման ընթացքում հավաքվածներին իր խոսքն ուղղեց դեսպան Աղաջանյանը: Նույն օրը` երեկոյան, Հաագայում անցկացվեց ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Համագործակցող հայկական կազմակերպությունների կողմից Նիդերլանդների Ասեն քաղաքում անցկացվեց ոգեկոչման միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միջոցառումը սկսվեց բազմամարդ քայլերթով և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղկեզամբյուղների զետեղմամբ: Միջոցառման մասնակիցներին իր ուղերձը հղեց դեսպան Աղաջանյանը: Ելույթներով հանդես եկան նաև Մասիս Աբրահամյանը` Հայ դատի անունից, Նուբար Սիփանը` Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի անունից, Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Հերի Ֆան Բոմելը` Սոցիալիստական կուսակցությունից, Ժոել Ֆորդեվինդը` «Քրիստոնեական միություն» կուսակցությունից, Հարություն Փալանջյանը` ՀԲԸՄ-ի անունից, Ջոնի Շաբոն` Արամեական կազմակերպությունների անունից, Մուստաֆա Այրանչին` Թուրքական աշխատավորների միության անունից և Ինգե Դրոստը` Համագործակցող հայկական կազմակերպությունների անունից:

Նույն օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Նիդերլանդների Ալմելո քաղաքում: Նիդերլանդահայ և արամեական ու ասորական համայնքների համատեղ քայլերթին հաջորդեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ պատարագը, որը կատարեցին Եպիսկոպոս Տարոն Ջերեջյանը և Սիրիո ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Աուգին Այդինը: Կատարվեց «Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշարձան» կազմակերպության ցուցատախտակի բացումը: Բացօթյա միջոցառմանը հաջորդեց ոգեկոչման երեկոն, որն անցկացվեց «Գալուստ Գյուլբենկյան» սրահում:

Ոգեկոչման երեկոյի ընթացքում ներկաներին իրենց խոսքն են ուղղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապես Վիլեմ Ուրլինգսը, Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պիտեր Օմզիխտը` Քրիստոնեադեմոկրատական կոչ կուսակցությունից, պրոֆ. Կոր Բայեն`Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից, ցեղասպանագետ Էնթընի Հոլսլախը, Եվրախորհրդարանի անդամ Պիտեր ֆան Դալենը, Ազիզ Բեթ Ահոն` Մարդու իրավունքների արամեկան շարժման անունից, Անմար Հայալին` Միացյալ եկեղեցու անունից, Սոցիալիստական կուսակցության փոխնախագահ և կրթության հարցերով պատասխանատու Ցիցկե Սիդերիուսը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը` Համագործակցող հայկական կազմակերպությունների անունից: Արարողության մասին պատմող տեսանյութը հնարավոր է դիտել այստեղ, դեսպան Աղաջանյանի ելույթն` այստեղ, Ալմելոյի քաղաքապետի խոսքն` այստեղ, Պիտեր Օմզիխտի խոսքն` այստեղ:

Ապրիլի 24-ին, ժամը` 19:15-ին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Մաստրիխտի կաթոլիկ Սուրբ Սերվատիուս մայր տաճարի, բողոքական Սուրբ Յան և հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջեցին:

Ապրիլի 25-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում, որին մասնակցեցին Մաստրիխտի փոխքաղաքապետը, Միսիոներ Մյուրեի զարմիկը, խորհրդարանականներ և հոլանդական հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր Մաստրիխտի «Անի» հայ համայնքի կողմից:

Կոմիտասի, Եկմալյանի, Դելալյանի ու Բաբաջանյանի գործերի կատարմամբ հանդես եկան Արևելյան Բելգիայի լարային քառյակը, «Հայկական ձայներ» խումբը և դաշնակահար Հայկ Մելիքյանը: «Սոբորնոստ», «Ամակուրիկի» ու «Գեղարդ» երգչախմբերից կազմված համտեղ երգչախումբը` Լիլիթ Սաթիի ղեկավարությամբ, կատարեց Ալեքսանդր Հարությունյանի «Գտա, Տե՛ր»-ը: Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր «Մեր արյան ճիչը» պոեմից հատվածներ կարդաց Արտակ Մանուկյանը:

Միջոցառման մասնակիցներին իր ուղերձը հղեց դեսպան Աղաջանյանը, իսկ Կոմիտասի մասին դասախոսությամբ հանդես եկավ Պիտեր ֆան Նունյենը: Դեսպանի խոսքը հնարավոր է դիտել այստեղ, Հայկ Մելիքյանի կատարումն` այստեղ

Տպել էջը