Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Թուրքմենստանում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառում` տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման սկզբում ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կողմից իրականացվեց հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հետևեց մոմավառության արարողությունը:

Ելույթով հանդես եկավ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը, ով նշեց, որ ամբողջ աշխարհով մեկ այս օրերին ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին: Դեսպան Բադալյանի խոսքով` Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է պատմական արդարության համար հայ ժողովրդի պայքարի գործում, իսկ այդ ոճրագործությունից 100 տարի անց անկախ և հզորացող հայկական պետականության և նրա հետ անխզելիորեն կապված հայկական սփյուռքի առկայությունը խորհրդանշում են հայ ազգի վերածննունդը և ցույց տալիս, որ չարագործների ծրագիրը տապալվել է:

Այնուհետև միջոցառման ներկաները ուղիղ հեռարձարկման միջոցով ականատեսը դարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, իսկ Երևանի ժամով 19:15-ին միացան համազգային լռության րոպեին: Միաժամանակ, Թուրքմենստանի Մառի և Բայրամ-Ալի քաղաքների ուղղափառ եկեղեցիներում հնչեց զանգերի 100 ղողանջ:

Ապրիլի 24-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանություն շարունակեցին այցելել բազմաթիվ մարդիկ՝ հատկացված հատուկ անկյունում մոմ վառելու և ծաղիկներ զետեղելու: Նույն օրը Բալականաբադ քաղաքի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: 

Տպել էջը