ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումները
24 ապրիլի, 2015Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Խոսե Լուիս Կանսելայի հետ, ով գլխավորում է իր երկրի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք հատուկ կարևորվեցին Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների շարունակումը, ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների միջև ժողովրդական դիվանագիտության խորացումը: Աշոտ Հովակիմյանը մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային այլ խնդիրներին:
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Ա.Հովակիմյանի հանդիպումը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցող Չիլիի պաշտոնական պատվիրակության ղեկավար, Չիլիի Ազգային Կոնգրեսի պատգամավորների պալատի փոխխոսնակ Դենիզ Պասկալի հետ: Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-չիլիական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ, կարևորեցին քաղաքական ակտիվ երկխոսության շարունակումը, երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության զարգացումը: Աշոտ Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ապրիլի 14-ին պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար, որն ամբողջացրեց Չիլիի կողմից՝ 2007 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը: