Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին

25 ապրիլի, 2015

Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի հայազգի փոխնախագահ Իզաբել Դինգիզյանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցած նոյեմբերին Ստոկհոլմ կատարած իր այցելությունը և ունեցած հանդիպումները, և ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան կհաղորդվի։ Նախարարի բնորոշմամբ՝ դրա համար երկու կողմից առկա է մեծ ներուժ, ցանկություն և պատրաստակամություն։

Իզաբել Դինգիզյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ջերմ ընդունելության արժանանալու համար՝ նշեց, որ շատ խորհրդանշական է ներկայացնել Շվեդիան իր պատմական հայրենիքում՝ հայ ժողովրդի համար այս կարևոր առիթով։ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահը ներկայացրեց Երևանում իր ունեցած հանդիպումների արդյունքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-շվեդական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս առումով երկուստեք կարևորվեց Ստոկհոլմում և Երևանում դեսպանությունների բացումը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը։

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, և կարևորեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Շվեդիաjին՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կողմից նախաձեռնված՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպման տեսանյութը

Տպել էջը