Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հունաստանի Կերկիրա կղզում

02 մայիսի, 2015

Մայիսի 2-ին Հունաստանի Կերկիրա կղզու Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգի պալատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` կազմակերպված Կերկիրայի «Ալբերտ Կոհենի հիշատակ»-ի հիմնադրամի ընկերների կողմից: Միջոցառումը կրում էր «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Կերկիրան հիշում է հայերին և հայ որբերին» խորագիրը:

Միջոցառումը մեկնարկեց ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Հունաստանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ: Կազմակերպիչների կողմից բացման խոսքում նշվեց, որ միջոցառումը համահունչ է այն գաղափարներին և արժեքներին, որ դավանել է գրող, դիվանագետ և հումանիստ Ալբերտ Կոհենը` Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության շրջանակում տարիներ շարունակ առաջ մղելով փախստականների պաշտպանության և նրանց կարգավիճակի հարցերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` երախտագիտությամբ նշելով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում և հաջորդող տարիներին հազարավոր հայ որբեր փրկություն և նոր կյանք սկսելու հնարավորություն են գտել հենց Կերկիրայի որբանոցներում:

Հ.Յ.Դ. Հունաստանի Հայ Դատի hանձնախմբի անունից ներկաներին ողջունեց Թագվոր Հովակիմյանը:

Դասախոս և քաղաքական վերլուծաբան Նիկոս Լիղերոսը պատմական լուսանկարների և քարտեզների ուղեկցությամբ` հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը պատմական տեսանկյունից:

Գրականության դասախոս Խրիսա Ալամանուն ներկայացրեց Կերկիրայի հայ համայնքի, որբանոցներում հանգրվանած հայ որբերի պատմությունը և նրանց հետագա ճակատագիրը` աշխարհի տարբեր երկրներում որդեգրումից հետո: Գործարար Պավլոս Ծառուկյանը ներկայացրեց 20-րդ դարասկզբին Կերկիրայի հայ համայնքի առևտրատնտեսական գործունեությունը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում երգչուհի Գալինա Կնիշը և դաշնակահարուհի Անաստասիա Լոպատինան ներկայացրին Կոմիտասի ստեղծագործություններից: Հաջորդեց Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի և դաշնամուրի համերգը` Հոնիական համալսարանի պրոֆեսոր, ջութակահար Սպիրոս Գիկոդիսի և դաշնակահարուհի Դաֆնե Սոֆոկելուսի մասնակցությամբ:

Միջոցառման ավարտին հարակից «Art Cafe Exhibition» ցուցասրահում բացվեց Կերկիրայի հայ ընտանիքներին պատկանող լուսանկարների և իրերի ցուցադրություն, որը կգործի մինչև մայիսի 15-ը: 

Տպել էջը