ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Կանադա

03 մայիսի, 2015

Մայիսի 1-ից 3-ը աշխատանքային այցով Կանադայի Մոնրեալ քաղաքում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մայիսի 2-ին նախարար Հակոբյանին և հայկական պատվիրակությանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերը: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց Մոնրեալի իշխանություններին` քաղաքում բնակվող շուրջ 35000 հայերի համար ակտիվ համայնքային գործունեություն իրականացնելու պայմաններն ապահովելու կապակցությամբ: Կողմերը շեշտեցին Մոնրեալի և Երևանի` քույր քաղաքներ լինելու հանգամանքը և հույս հայտնեցին քաղաքների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու վերաբերյալ:

Այցի շրջանակներում նախարար Հակոբյանը հյուրընկալվեց Կանադայի Հայոց թեմի առաջնորդարանում տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին և Մեծի Տանն Կիլիկիո թեմի Կանադայի առաջնորդարանում տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքեանին:

Մայիսի 2-ին Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Մոնրեալի «Ալեք Մանուկյան» դպրոցի 45-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հայ կրթության ոլորտում հայապահպան գործունեության համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Փչակճեանին և խորհրդի անդամ Արամ Յակուբեանին:

Նախարարն այցելել նաև Սուրբ Հակոբ ազգային վարժարան` հանդիպելով աշակերտներին և ուսումնամանկավարժական կազմին:

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Մոնրեալում կայացած «Մարդկության համար քայլերթին», որի շուրջ 10000 մասնակիցներ մոտ 100 րոպե քայլեցին Մոնրեալի կենտրոնական փողոցներով` ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը և մարդկության դեմ այլ ոճիրներն, ու բարձրաձայնելու ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու հրամայականը:

Նույն օրը` երեկոյան, Մոնրեալի հանրահայտ «Փլաս դեզ արտի» արվեստների կենտրոնի «Մասոնև» սրահում կայացավ մշակութային միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայ դասական երաժշտության, ազգային պարի կատարումների հետ մեկտեղ` երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը, Քվեբեկի ներգաղթի նախարար Քեթլին Վեյլը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, հայտնի դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կանադական հանձնաժողովի նախագահ Մհեր Գարագաշեանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանին ու կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման համար, և առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց Քվեբեկ նահանգին, որը Կանադայում բացեց Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին: Ավարտելով իր ելույթը` նախարար Հակոբյանը գովասանքի խոսքեր հղեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովին և կանադահայ համայնքին` անդադրում ազգանվեր գործունեության համար: 

Տպել էջը