Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Թուրքմենստանում

08 մայիսի, 2015

Մայիսի 8-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ անդամ-երկրների դեսպանությունների և Թուրքմենստանի կառավարության համատեղ ջանքերով տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված լուսանկարների ցուցահանդես և ընդունելություն, որին ներկա էին Թուրքմենստանի փոխվարչապետ Շամուհամմետ Դուրդիլիևը, պաշտոնատար անձինք, դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ և բազմաթիվ վետերաններ։

Ցուցահանդեսի հայկական հատվածում ներկայացված էին լուսանկարներ Հայաստանի` Հայրենականին Մեծ պատերազմին և Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցության, պատերազմի ընթացքում իրենց փառքով պսակած հայորդիների՝ մարշալների, ծովակալների, գեներալների, հերոսների մասին: Ցուցահանդեսի հայկական հատված այցելողներին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց հայ ժողովրդի` ընդհանուր հաղթանակում ունեցած ներդրման մասին։

Ընդունելության ընթացքում նվագախմբի կողմից կատարվեցին բազմաթիվ պատերազմական երգեր, մեծ էկրանի վրա ցուցադրվեցին թեմատիկ արխիվային տեսանյութեր, շնորհավորական ելույթներով հանդես եկան Թուրքմենստանի փոխվարչապետ Դուրդիլիևը, կազմակերպիչ երկրների դեսպանները, վետերանները։ Ելույթ ունեցողները նշեցին Հայրենական Մեծ պատերազմի կարևորությունը և նշանակությունը մարդկության պատմության, ինչպես նաև հաղթանակը կերտած ազգերի պատմական ճակատագրի համար։

Մայիսի 9-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը մասնակցեց նաև «Ժողովրդական հիշողություն» համալիրում ծաղիկների զետեղման արարողությանը՝ ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների։

Տպել էջը