Հայաստանը մասնակցեց Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին

10 մայիսի, 2015

Մայիսի 7-ից 10-ը Հայաստանը մասնակցեց Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին:

Հայաստանի մասնակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի կողմից: Ի հավելումն Հայաստանից բերված հրատարակություններին, ցուցադրության համար արժեքավոր գրքեր տրամադրվեցին նաև Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու «Արևիկ» գրատան և հունահայ «Արմենիկա» ամսագրի խմբագրության կողմից:

Հայկական տաղավարում ցուցադրվեցին վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում տպագրված հայերեն, հունարեն և օտարալեզու հրատարակություններ` մեծամասամբ Հայոց ցեղասպանության թեմայով:

Մայիսի 7-ին ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդեց «Համազգային» մշակութային կենտրոնի Սալոնիկի մասնաճյուղի կողմից կազմակերպված գրական-մշակութային միջոցառում «Հոգու տողեր, Հայաստանի տողեր» խորագրով` սալոնիկահայ երիտասարդության մասնակցությամբ: Սալոնիկի քաղաքային թատրոնի դերասան Մանոլիս Ֆուդուլիսի բեմադրությամբ, Կոմիտասի կատարումների ներքո Արաքսյա Գանապետյանը, Անժել Երամյանը, Վիգեն Դերեյանը, Անահիտ և Մելին Քարաօղլանյանները, Մարի Քյուրքչյանը, Ռոզա Փափազյանը և Տիգրան Սարգսյանը ներկայացրին 19-րդ և 20-րդ դարերի հայ պոեզիայի ամփոփ նկարագիրը, ընթերցեցին Խաչատուր Աբովյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի հունարեն թարգմանված ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև ցուցահանդեսի բազմաթիվ հույն և օտարազգի այցելուներ:

Հայկական տաղավարը մեծ հետաքրքություն առաջացրեց ինչպես ցուցահանդեսի այցելուների, այնպես էլ հրատարակիչ ընկերությունների մոտ: Հայկական մշակութային միջոցառումն ընդգրկվեց ցուցահանդեսի շրջանակում անցկացված լավագույն միջոցառումների շարքում և լայնորեն լուսաբանվեց հունական լրատվամիջոցների կողմից: 

Տպել էջը