Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մեքսիկայում

17 մայիսի, 2015

Մայիսի 14-ից 17-ը Մեխիկոյում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք խոշոր մշակութային միջոցառումներ:

Մայիսի 14-ին Մեխիկոյի աշխարհահռչակ «Նեսահուալկոյոտլ» համերգասրահում կայացավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ առաջին ելույթը Մեքսիկայում, որը կոլեկտիվի համաշխարհային հյուրախաղերի վերջին հանգրվանը դարձավ: Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ազգային նվագախումբը մեքսիկացի հանդիսատեսին ներկայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» սյուիտի, Սեն Սանսի թավջութակի կոնցերտի և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարումներով:

Համերգին ներկա էին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Մեքսիկայում հավատարմագրված մի շարք դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Մայիսի 16-ին և 17-ին նույն սրահում կայացան 100-րդ տարելիցին նվիրված ևս երկու համերգ` ամերիկահայ հանրահայտ դաշնակահար Դորա Սերվիարյանի և Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի (UNAM) ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Լեգենդար դաշնակահարի և երիտասարդ նվագախմբի համագործակցության արդյունքում ստեղծված Արամ Խաչատրյանի դաշնամուրային համերգի յուրովի մեկնաբանությունը հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացավ:

Մայիսի 14-ին Մեքսիկայի խոշորագույն` Ազգային ինքնավար համալսարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծավալուն ցուցահանդես, որը հանդիսատեսին լուսանկարների միջոցով ներկայացրեց Ցեղասպանությունից փրկված տասնյակ հայ ընտանիքների ճակատագրերը, որոնք ապաստան են գտել Մեքսիկայում:

Նույն օրերին Մեքսիկայի Ազգային կինոդարանում և երկրի Ազգային կոնսերվատորիայում ցացադրվեց Հոլիվուդի կինոփառատոնի դափնեկիր, հանրահայտ վավերագրագետ Փիթեր Ռոզենի «Խաչատրյան» վավերագրական կինոնկարը: Ուսանողների, երկաժշտասերների և երաժիշտների լայն լսարանի առջև կայացած ցուցադրությունից հետո ֆիլմի համահեղինակներ Ահարոն և Ռոբերտ Կյունը և Դորա Սերվիարյանը պատմեցին ֆիլմի ստեղծման ճանապարհի մասին և պատասխանեցին ներկաների հարցերին:

Միջոցառումները տեղի ունեցան Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ ու լայնորեն լուսաբանվեցին մեքսիկական մամուլում: 

Տպել էջը