Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ զեկուցողի հետ

18 մայիսի, 2015

Մայիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին:

Հանդիպման ընթացքում հատուկ զեկուցողը ներկայացրեց Հայաստան իր այցի արդյունքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադարձ կատարվեց նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարի տեղակալը նշեց, որ երեխաների պաշտպանության ոլորտը, երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով պայմանավորված, մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության ներքո: Նա անդրադարձավ այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները:

Տպել էջը