Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնացին

15 հունիսի, 2015

Հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի արտգործնախարարության հատուկ բանագնաց, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց Հայաստանում Չինաստանի առաջին դեսպանի այցը Հայաստան՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց՝ կարևորելով այն հանգամանքը, որ դեսպանը առ այսօր իր նպաստն է բերում հայ-չինական բարեկամության ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիդին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Չինաստանի արտգործնախարար Վան Իի ողջույնները և նշեց, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց։

Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի և Չինաստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունները, նշեցին, որ ս.թ. մարտին ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցելությունը նոր լիցք հաղորդեց բազմաոլորտ հայ-չինական համագործակցությանը։

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շուրջ, անդրադարձան ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում դեսպան Սիդին վերահաստատեց Չինաստանի աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: 

Տպել էջը