Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի ցուցադրություն Բաթումում

16 հունիսի, 2015

Բաթումում գտնվող Հայ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի գլխավորած պատվիրակությունը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի, ինչպես նաև Երևանի պետական թատրոնի ու կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ հունիսի 15-ին Բաթումի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում ներկա գտնվեցին հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ոգեկոչման կարգին, որը մատուցվեց Արարատ քահանա Գումբալյանի կողմից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ծաղկեփնջեր զետեղեցին հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին:

Հունիսի 16-ին Բաթումի երաժշտական կենտրոնում ցուցադրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվերով փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կողմից նկարահանված «Հայ ժողովրդի պատմությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին. Հայոց ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը:

Ցուցադրությունից առաջ ելույթ ունեցան Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Ռուբեն Գևորգյանցը և ֆիլմի ռեժիսոր Գեորգի Կևորկովը: Բանախոսները կարևորեցին հայ գաղթօջախներում նման ֆիլմերի ցուցադրումը` ընդգծելով դրանց արժեքը արտերկրում բնակվող հայերին հայկական մշակույթին ու հայոց պատմությանը հասու դարձնելու տեսանկյունից:

Տպել էջը