Արտգործնախարարն ընդունեց Ավստրիայի Ազգային խորհրդի ԱԺԿ խորհրդարանական խմբակցության նախագահին

26 հունիսի, 2015

Հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ավստրիայի Ազգային խորհրդի՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ավստրիական հարաբերությունների առկա մակարդակը՝ ընդգծելով խորհրդարանական ձևաչափում դրանց ակտիվացման կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռայնհոլդ Լոպատկան նշեց, որ Ավստրիայի խորհրդարանականները կարևորում են Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սերտացումը, երկու պետությունների միջև ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ամբողջ աշխարհում կազմակերպվող ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ նշեց Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարության ընդունումը, որին իրենց կարևոր նպաստն են բերել նաև Ռայնհոլդ Լոպատկան և իր ղեկավարած կուսակցությունը:

Հանդիպմանը քննարկվեց Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությունը:

Անդրադարձ արվեց տարածաշրջանային հարցերի: 

Տպել էջը