Դեսպան Քոչարյանը մասնակցեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությանը

09 օգոստոսի, 2015

Օգոստոսի 9-ին Զմմառի Տիրամոր վանքի բակում տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը:

Արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայացուցիչ Նաթան արքիեպիսկոպոս Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովի ներկայացուցիչները, Լիբանանում պապական նվիրակը, հայ և օտարազգի բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ազգային կառույցների ղեկավարներ:

Պատրիարքական գահը ընդունելուց հետո Գրիքոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը մատուցեց իր առաջին պատարագը: Իր խոսքում կաթողիկոս պատրիարքը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին զորակցության համար և վստահեցրեց, որ ամեն ջանք կգործադրի ամրապնդելու և սերտացնելու համագործակցությունը հայրենի իշխանությունների և նվիրապետական երկու աթոռների հետ:

Պատարագին հետևեց ընթրիք, որի ժամանակ ընթերցվեցին նորընտիր կաթողիկոս պատրիարքին ուղղված բազմաթիվ շնորհավորականներ: Դեսպան Քոչարյանը ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Տպել էջը