Բելառուսի նորանշանակ դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր hավատարմագրերի պատճենը

27 օգոստոսի, 2015

Օգոստոսի 27-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքերը կներդնի։ Դեսպան Նազարուկը Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նազարուկը քննարկեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվեց այդ ուղղությամբ հավելյալ ջանքերի գործադրումը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և միջխորհրդարանական կապերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՏՄ շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև արտգործնախարարությունների միջև համագործակցությանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության հարցերին։

Տպել էջը