Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստոկհոլմում

17 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։

Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվեցին Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, իսկ շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվեց Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։ Երեկոյի ընթացքում հնչեցին կոմիտասյան մեղեդիներ շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրեց և երեկոն վարեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցեց Նենսի Խաչատուրյանը։

Տպել էջը