ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հանոյում

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյի «Մելիա» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վիետնամի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիետնամում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Հայաստան-Վիետնամ» բարեկամական խմբի նախագահության անդամներ, տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ընդունելության պատվավոր հյուրն էր Վիետնամի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վու Կուն Մինը։

Ներկաների առջև բացման խոսքով հանդես եկավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը՝ ներկայացնելով անկախությունից ի վեր ՀՀ կայացման ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները: Անդրադառնալով հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Վարդանյանը բարձր գնահատեց փոխադարձ շահերի և բարեկամության վրա ձևավորված համագործակցությունը: Դեսպանը վստահություն հայտնեց, որ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Վիետնամի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Վու Կուն Մինն իր ելույթում ընդգծեց, որ չնայած երկու երկրների միջև եղած աշխարհագրական հեռավորությանը՝ հայ-վիետնամական հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել առանձնակի ջերմությամբ։ Ըստ Վու Կուն Մինի` վիետնամցի ժողովուրդը հիշում և գնահատում է անկախության համար իր մղած պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ Վու Կուն Մինը վստահություն հայտնեց, որ Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև 2015թ. մայիսին ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև ցուցադրվեց տեսաշար՝ Հայաստանի տեսարժան վայրերի դրվագներով:

Տպել էջը