Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

02 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 2-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:

Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր փոխանակեցին Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք հարցերի և ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք բավականին հագեցած ծրագրով և բովանդակությամբ նախարարական համաժողովի անցկացմանը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու նման հեղինակավոր ներկայացուցչական համաժողով, և հայկական կողմն անում է առավելագույնը՝ այն բարձր մակարդակով անցկացնելու համար։

Տպել էջը