Հայաստանի և Բենինի արտգործնախարարի հանդիպումը

11 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բենինի արտաքին գործերի և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրիին:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Շնորհակալություն հայտնելով համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և Հայաստան այցելելու հրավերի համար՝ Սալիու Ակադիրիին հայտնեց, որ իր երկրում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են Բենինի զարգացմանը։

Նախարարները քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում պայմանավորվեցին երկկողմ այցելություններ իրականացնել, մշակել և ստորագրման պատրաստել համապատասխան միջկառավարական փաստաթղթեր։

 

 

 

 

Տպել էջը