Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի արտգործնախարարների հանդիպումը

11 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերին նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր գործընկեր, Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Բեդիալիզուն Մուսա Նեբյեին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։ Նախարարը ջերմությամբ վերհիշեց իր մասնակցությունը 2006թ. Ֆրանկոֆոնիայի Ուագադուգույի գագաթաժողովին։

Բուրկինա Ֆասոյի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծեց, որ այցելելով Հայաստան նաև նպատակ ունի պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։

Հանդիպմանը նախարարները անդրադարձան քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններն ու ջանքերը։

Տպել էջը