Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը

11 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդա Նթունգամուլոնգուին, ով Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր հիշողության մեջ դեռ թարմ է երեք տարի առաջ այցելություն Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասա՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ համաժողովն ընդունելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Կոնգոյի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծեց, որ իր այս այցելությունը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Նախարարները վստահություն հայտնեցին, որ այսօր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի համագործակցությանը։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Տպել էջը