Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների լիագումար նիստին

11 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդիրը Կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին, կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացրեց բազմաթիվ զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Նախարարը նշեց, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որոնց մասին են վկայում Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սադրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը՝ ավելացնելով, որ Բաքուն խոչընդոտում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Դակարում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 15-րդ Գագաթաժողովին անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը անդամ երկրների ղեկավարները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։
 

Տպել էջը