Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին

12 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում Ջակարտա իր այցելությունը և ուրախությամբ արձանագրեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Նախարարը կարևորեց Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ ներկայացուցչական պատվիրակության այցելությունը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրման Գուսմանը գոհունակություն հայտնեց Երևան այցելելու կապակցությամբ և խորհրդանշական համարեց, որ այցը համընկնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևան քաղաքի տոնի հետ։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս առումով կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցության ծավալումը։

Հանդիպմանը անդրադարձ արվեց երկու երկների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրի, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրմանը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ու առաջնահերթությունները։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը ասիական տարածաշրջանի հետ և հավելեց, որ այդ տարածաշրջանի երկրներում դեսպանությունների հիմնադրումը հենց այդ նպատակն է հետապնդում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Տպել էջը