Փոխնախարար Կարեն Նազարյանի և Շվեյցարիայի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Ժորժ Մարտենի հանդիումը

12 հոկտեմբերի, 2015

Երևանում անցկաված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Ժորժ Մարտենի հետ:

Ողջունելով շվեցարական պատվիրակության ղեկավարին՝ փոխնախարար Նազարյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու կապակցությամբ` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռնում նաև երկկողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու համար:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և միջխորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությանը: Քննարկվեցին երկկողմ իրավական դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի հետևանքով առաջացած փախստականների ճգնաժամին:

Փոխնախարար Նազարյանը ներկայացրեց հայկական կողմի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանային գոտում Բաքվի կողմից իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերի կապակցությամբ:

Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների խորությունը՝ կողմերը պայմանավորվեցին գալիք տարվա սկզբին հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնել ԱԳՆ-ների միջև:

Տպել էջը