ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ

16 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:

Շնորհավորելով հյուրին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ` փոխնախարարն ընդգծեց միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում Ռիշարդ Չարնեցկու ներդրած մեծ ավանդը, նրա ակտիվ դերակատարումը Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող հարցերի քննարկման ու համապատասխան որոշումների ու բանաձևերի ընդունման հարցում:

Փոխնախարար Նազարյանը հատուկ դրվատեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Չարնեցկու մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև՝ եվրոպական օրենսդիրների շրջանակներում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված գործունեությունը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացքը և առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը:

Տպել էջը