Երևանում կայացավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների III միջազգային ֆորումը

24 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների III միջազգային համաժողովը։

Երևանյան ֆորումի բացման արարողությանը 40 երկրներից Հայաստան ժամանած 300-ից ավելի մասնակիցների առջև ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը ներկայացվեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր ակադեմիկոս Անատոլի Տորկունովը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակիցներին ուղղված իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ «ՄԳԻՄՕ շրջանավարտների միությունը հսկայական ներուժ, հսկայական ուժ է պարունակում։ Սակայն ոչ թե աշխարհը շրջելու, այլ ապագա սերնդի համար այն առավել ներդաշնակ, առավել կայուն եւ անվտանգ դարձնելու համար»։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյայի կողմից ընթերցվեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը։

ՄԳԻՄՕ շրջանավարտների երևանյան համաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Հայփոստի» կողմից թողարկած Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որին հետևեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին և Մոսկվայի արևելագիտության դպրոցին նվիրված հրատարակությունների, ՄԳԻՄՕ գրքի թանգարանի պահուստային ֆոնդի պատկերագրքի շնորհանդեսը։ Հյուրերին ներկայացվեց նաև Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան միջազգային հարաբերությունների արդի խնդիրներին նվիրված չորս լիագումար նիստ։ Մասնակիցները քննարկեցին տարածաշրջանային ինտեգրման գործընթացների, եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման, Մերձավոր Արևելքի և Իրանի նոր իրավիճակի, Չինաստանի տնտեսական մոդելի տեղի և Մետաքսի ճանապարհի հեռանկարների վերաբերյալ հարցեր: Քննարկումներին մասանկցեցին և զեկույցներով հանդես եկան հեղինակավոր գիտնականներ ու վերլուծաբաններ:

Նույն օրը ՄԳԻՄՕ շրջանավարտների համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
 

Տպել էջը