Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարարին

24 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի
արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել
մասնակցելու ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից
բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ
հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և
այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի ու ջերմ
ընդունելության համար՝ նախարար Հա Հունգ Կուոնը նշեց, որ ՄԳԻՄՕ-ի
շրջանավարտների ֆորումը կազմակերպված է բարձր մակարդակով, և շեշտեց ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը։ Հյուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Վիետնամի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆամ Բին Մինի ողջյուններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի արդարադատության նախարարն ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, և իր այցելությունը նաև այդ ուղերձն է պարունակում։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը։

Տպել էջը