Նիկարագուայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
03 նոյեմբերի, 2015Նոյեմբերի 3-ին Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Խուան Էրնեստո Վասկես Արայան (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ, և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Հայաստանում Նիկարագուայի դեսպանը նշեց, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կանի առավելագույնը:
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության հաստատման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: