Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գունար Վիգանդին

04 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գունար Վիգանդը նշեց, որ բանակցությունների նախատեսվող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն իսկ առկա հարուստ հիմքի վրա ձևավորել փոխգործակցության նոր շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։:

Երկկողմ հույս հայտնվեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը կտրվի մինչև այս տարվա վերջը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
 

Տպել էջը