Կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն՝ ՀՀ երկրորդ ազգային զեկույցով ընդունած հանձնարարականների իրականացման վերաբերյալ
23 նոյեմբերի, 2015Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպվեց կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը, որի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության կողմից այս գործընթացի շրջանակներում ընդունած հանձնարարականների իրականացման ընթացքը: ՀՀ-ն ընդունել է 155 հանձնարարական, որոնց մեծ մասն իրականացված է կամ իրականացման փուլում է:
Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ՀՊԴ ՀՀ երկրորդ ազգային զեկույցի ներկայացման պատվիրակության ղեկավար Աշոտ Հովակիմյանը:
Հանդիպման ընթացքում Ժնևում տեղակայված UPR Info կազմակերպության տնօրեն Ժան-Կլոդ Վինյոլին ներկայացրեց այս ոլորտում աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու մարտահրավերները:
Երկխոսության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև պետական կառույցների ներկայացուցիչները` մանրամասնորեն ներկայացնելով մարդու իրավունքների ոլորտում կատարվող աշխատանքները: Այնուհետև երկխոսությունը շարունակվեց Հայաստանի ստանձնած հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց առնչությամբ տրվող պատասխանների վերաբերյալ՝ հասարակական կազմակերպությունների նկատառումների և հարցադրումների ձևաչափով:
Տեղեկանք. ՀՊԴ-ն 2006թ.-ին հիմնադրված ՄԱԿ-ի մեխանիզմ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ-ի բոլոր անդամ-երկրներում: Դիտարկումը կատարվում է երկրի կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների զեկույցների և այլ շահագրգիռ ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրած տեղեկատվությունը ամփոփող փաստաթղթերի հիման վրա: Դիտարկման ավարտին ՄԱԿ-ի ՀՊԴ աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, ՄԱԿ անդամ-երկրների կողմից ներկայացված հանձնարարականները` ուղղված դիտարկումն անցնող երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: