Դանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ փոխարտգործնախարար Նազարյանին

26 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 26-ին Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Կիև) Քրիստիան Դոնս Քրիստենսենն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ զրույց, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվեց հայ-դանիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, որին մեծապես նպաստեց 2011 թվականից Կոպենհագենում գործող ՀՀ դեսպանությունը։ Կարևորվեց հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, մշակութային և խորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրների, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
 

Տպել էջը