Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

01 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։

Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձան հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ 

Տպել էջը